Շատ հոգեբանական խնդիրներ հայ հասարակությունում պատերազմից հետո ակտիվացել են։ Sputnik Podcast–ի եթերում այս մասին ասել է հոգեբույժ Անահիտ Դարաբյանը։
«Պատերազմից հետո մեր պացիենտները շատացել են, ու հիմնականում նրանք դեպրեսիվ, տագնապային ու ագրեսիվ են։ Մարդիկ, համոզվածություն չունենալով վաղվա օրվա վրա, ունենալով որդիներ բանակում կամ ծառայության պատրաստվող, վախենում են։ Այդ վախերն էլ իրեց հերթին բերում են տագնապի, պաշտպանական ռեակցիայի` ագրեսիայի տեսքով»,-նշել է հոգեբույժը։
Նա կարծում է, որ պատերազմը հիվանդության առաջացման պատճառ չի դարձել, բայց սրել է արդեն եղածները։ Բանն այն է, որ ցանկացած սթրեսային իրավիճակ ՝ պատերազմ կամ աղետ, սրում է զգացմունքները, և տագնապի հակված մարդիկ ի վիճակի չեն լինում վերահսկել հույզերը և բուռն են արձագանքում ամեն ինչին: Ոմանք դառնում են նյարդային կամ խոցելի, մյուսները՝ ագրեսիվ։ Շատերին դադարում են ճանաչել անգամ սիրելիները, քանի որ նրանց մոտ արմատապես փոխվում են սովորություններն ու վարքագիծը։
«Օրինակ` եթե մարդը տագնապային է, անհանգիստ, բայց հարմարվել է ու ապրում է իր ընտանիքում, պատերազմից հետո այդ ամենն այնքան է ակտիվանում, որ դժվարանում է վերահսկել իր էմոցիաները»,-բացատրում է մասնագետը։
Դարաբյանը նկատլ է, որ դեպրեսիվ և խուճապային խանգարումներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է տրամադրության կտրուկ փոփոխություն, մեկուսանալու փորձեր, վախ, խուճապ և այլն: Որոշ դեպքերում մարդիկ ինքնուրույն կամ հարազատների օգնությամբ լուծում են խնդիրները, բայց ավելի հաճախ մասնագետի հետ աշխատանք է պետք: Այս համատեքստում նա նշում է, որ շատերին վախեցնում է հոգեբույժի հետ աշխատանքը, քանի որ կա կարծրատիպ` իբր նրանց մոտ բուժվում են բացառապես «գժերը»։
«Հայ հասարակությունը փակ է ու բարդույթավորված, չնայած փորձում ենք ավելի բաց ու ազատ թվալ», – նշում է նա։
Հոգեբույժը նկատում է, որ գրեթե հավասար թվով տղամարդիկ և կանայք են դիմում իրեն, ուղղակի խնդիրներն են մի փոքր տարբեր։ Հայ կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում են տագնապային դրսևորումները, իսկ տղամարդկանց մոտ՝ հիպոքոնդրիան (առողջության մասին անհիմն անհանգստություն)։ Երբեմն կանայք փորձում են ուշադրություն դարձնել իրենց առողջական խնդիրներին և մանիպուլացնել դա: Հաճախ կանայք հաճույքով խոսում են իրենց հիվանդությունների մասին, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, փորձում են թաքցնել դրանք՝ ամաչելով խնդրից։
«Բայց մեկ այլ միտում էլ կա. վերջերս նորաձև է դարձել հոգեբաններին և հոգեթերապևտներին այցելելը, սոցիալական ցանցերում թերապիայի արդյունքների մասին խոսելը և այլն։ Կան բազմաթիվ «քոուչեր», որոնք առաջարկում են նույն լուծումները լայն զանգվածների համար: Դժվար է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ խնդիրները լուծելու համար, բայց ոգեշնչել մարդկանց կարող է», -ասել է նա։
Հոգեբույժը միևնույն ժամանակ շեշտում է, որ յուրաքանչյուր մարդու խնդիրն անհատական է և պետք է թիրախային լուծում ստանա։
Ավելի մանրամասն` տեսանյութում։