Երբ սխալը կյանք արժե. բժիշկը պատմում է պատերազմի և խաղաղության օրերի աշխատանքի մասին

Բժշկության մեջ ամենասթրեսային մասնագիտություններից մեկը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի գործն է։ Այս մարդկանց երբեմն անվանում են «նարկոզի բժիշկ», բայց նրանք ոչ միայն անզգայացնողն են, այլև վերակենդանացնողը։
Sputnik
«Օրդինատուրայում էի սովորում։ Առավոտյան աշխատանքի էի գնում` կողքիս նստեց վառ կանաչ վերնաշապիկով հաղթանդամ մի տղա։ Երևի ինձնից մի 2-3 տարի մեծ կլիներ։ Մի քանի ժամ հետո այդ տղային վերակենդանացման բաժանմունք բերեցին մահացած․ վրաերթ էր եղել»,- իր մասնագիտության բարդության և ընդհանրապես կյանքի անկանխատեսելիության մասին խոսելով՝ պատմում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյանը։

Բժիշկ չեն դառնում, բժիշկ ծնվում են․․․

Հարությունը դեռ շատ փոքր էր, երբ արդեն «բժիշկ» էր։ Դրսում հանդիպող բոլոր վիրավոր կենդանիներն ու թռչուններն առաջին բուժօգնություն էին ստանում փոքրիկ Հարությունի ձեռամբ ու նրանց տաքուկ տանը։
«Կատու, շուն, ճնճղուկ․․․ ինչ հանդիպեր` տուն էի քարշ տալիս, վիրակապում, կերակրում, լավացնում։ Հետո այնպես ստացվեց, որ իմ, այսպես ասած, «հիվանդանոցային ճանապարհը» որպես փոքրիկ պացիենտ սկսեցի․ փոքր տարիքում ստիպված էի բավականին լուրջ վիրահատություններ տանել, շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցներում։ Երևի նաև դա օգնեց հասկանալ, որ այս աշխարհն իմն է»։
Հարություն Աթոյանը վստահ է՝ բժիշկ ծնվում են, ոչ թե դառնում, ու կապ չունի՝ բժշկական համալսարանն ավարտել ես, թե ոչ, ինչ գնահատականներ ես ստացել, ինչպես ես հանձնել քննությունները...
Հարություն Աթոյան
«Քո առօրյան, կյանքն ու ամեն ինչ դնել երկրորդ պլան, որովհետև առաջին տեղում հիվանդն է․ այսպիսին չես կարող դառնալ, այսպիսին ծնվել է պետք»,–ասում է։
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյանն աշխատանքային պրակտիկան սկսել է առաջին կուրսի ամառային արձակուրդներին` սկզբում որպես սանիտար, հետո՝ բուժակ։ Դա էլ օգնել է, որ հետագա մասնագիտացումն ընտրի։

Առաջին պատերազմը չէր, բայց առաջինն էր առաջնագծում

Պատերազմական իրավիճակում առաջին աշխատանքը 2016-ին էր՝ Ապրիլյանի օրերին։ Բայց հոգեբանական, ֆիզիկական դիմացկունության ու մասնագիտական հմտությունների համար իսկական փորձություն էր 44-օրյա պատերազմը։ Պատերազմը ցույց տվեց, որ կարելի է 48 ժամ և ավել անդադար գտնվել վիրահատարանում ու աշխատել առանց սխալվելու, որովհետև... սխալը կյանք արժե։
«Պատերազմի առաջին օրերին քաղաքացիական վիրավորների մեծ հոսք եղավ ու նաև մանկահասակների։ Ես անզգայացման ամբողջ ծավալին եմ տիրապետում ու այդ ժամանակ նաև մանկական հիվանդանոցում էի աշխատում։ Ինձ նախարարությունից թույլ չտվեցին Արցախ մեկնել, քանի որ մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն ավելի քիչ են, ասացին՝ ես այստեղ եմ պետք»։
Բարեբախտաբար` փոքրիկ վիրավորների թիվը հետագա օրերին չավելացավ։ Գերծանրաբեռնված ռեժիմով, սակայն, մինչև պատերազմի վերջին օրն ու դրանից հետո էլ աշխատում էր Երևանի խոշոր բուժկենտրոններից մեկում։
Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ
«Ցերեկը հիվանդներին տեղափոխել չէին կարողանում. մութն ընկնելուն պես էր հոսքը սկսվում` ամեն մեքենա 2-3 ծանր վիրավոր էր բերում։ Մենք մինչև էդ օրվա հիվանդներին սպասարկում էինք, դառնում էր հաջորդ օրվա հոսքի ժամը, ու չկար որևէ մեկը, որ մեզ փոխարիներ, որովհետև բոլորն էին զբաղված»։

Կորուստ ունեցանք միայն առաջին օրը

Սեպտեմբերյան դեպքերի հենց առաջին օրն առաջնագիծ գործուղվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի 5–հոգանոց բժշկական թիմը, նրանց թվում՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյանը։
«Հավաքեցի մի քանի օրվա ուսապարկ, հիվանդանոցից որոշակի դեղորայք, անհրաժեշտ պարագաներ վերցրի, որովհետև անցած պատերազմների փորձից արդեն գիտեի, թե ինչի կարիք կարող է լինել։ Առաջին մեքենան եկավ Վարդենիսից 4 վիրավորով, մենք հենց այդ մեքենայով իրենց հետ գնացինք։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն այնտեղ էինք»։
Ասում է՝ առաջին երկու օրը վիրավորների այնպիսի մեծ հոսք էր, որ հանգստանալու, քնելու, անգամ քաղց զգալու ժամանակ չկար։
Հարություն Աթոյան
«Չէինք հասկանում՝ ինչպես է մթնում, երբ է լուսանում։ Վիրահատարանից վազում էինք ընդունարան, ընդունարանից վիրավորների հետ վիրահատարան, հետվիրահատարանից արթնացնում էինք, արագ սպասարկում և ուղեգրում թիկունքի հոսպիտալներ կամ Երևան։ Հետո չեմ ասում, թե ամեն ինչ դադարեց, բայց ինտենսիվությունը խիստ պակասեց։ Ամսի 17-ին Երևանում խոսվում էր, որ լրիվ հրադադար է, իսկ մեզ մոտ կրակոցներ ու պայթյուններ դեռ կային։ Էդ իրավիճակում աշխատելիս իհարկե` և՛ տագնապ, և՛ վախ կա, ոչ մեկը չի կարող ասել, որ նման բան չի զգացել, որովհետև արկերը գլխիդ վրայով են թռչում, պայթյունների ձայներ են լսվում, երբեմն հիվանդանոցն էր ցնցվում։ Մի ուրիշ տագնապ էլ կար՝ չհասցնելու տագնապը»։
Հիշում է 18-19 տարեկան զինվորներին, որոնք ուշքի գալուց հետո անմիջապես բղավում, ընկերների մասին էին հարցնում։ Վիրավորներից կորուստ ունեցել են միայն առաջին օրը․ իրենց առաջին վիրավորն էր։
Ամուսնու զոհվելուց հետո ծածուկ կերակրում էր գերուն. 116 բժիշկների մասին՝ մեկ գրքում
«Անգամ թիկունքի հոսպիտալներ կամ Երևան ուղեգրելուց հետո պարբերաբար զանգահարում, հետաքրքրվում էինք վիրավորների վիճակի մասին։ Այնպես չէ, որ դու քո գործն արեցիր, ու վերջ»։
Ասում է՝ արյան, վառոդի ու մահվան միախառնված, ծակող հոտը դեռ երկար ժամանակ ես զգում։
«Ամսի 19-ին վերադարձանք, իրերս լվացի ու մի ուսապարկ դասավորեցի։ Պատրաստ պահում եմ»։

Մահը երբեք սովորական չի դառնում

«Իմ ամենամեծ աշխատանքային վախը եղել է, որ հանկարծ մանկահասակի մահ չունենամ, մահը միշտ ցավոտ է, բայց երեխա կորցնելը շատ ուրիշ ցավ է»։
Կա կարծիք, որ «մահվան հետ աշխատող» մասնագետները ժամանակի ընթացքում այնքան են կարծրանում, որ անտարբեր են դառնում, հիվանդի կորուստն ավելի հեշտ են տանում։
«2005-ից ես աշխատել եմ 6 հիվանդանոցներում և մահվան հետ շփվում եմ ամեն օր, բայց որևէ մեկ անգամ որևէ պացիենտի մահը հեշտ չի ընդունվում, որքան էլ դա զարգացող հիվանդության տրամաբանական ելքն է, մահվան գույժ հայտնելը չի դառնում սովորական։ Հոգեբանական մեծ փորձություն է, որ ամեն անգամ առաջին անգամի պես ես անցնում»։
Ասում է՝ նույնիսկ երբ գործընկեր-ընկերներով աշխատանքից դուրս հանդիպում են և պայմանավորվում չխոսել աշխատանքի մասին, պայմանավորվածությունը հազիվ 10 րոպե է պահվում, հետո արդեն իրենց հաղթած ու տանուլ տված «մարտերի» մասին են խոսում։
Հարություն Աթոյան
«Վիրահատական սեղանին մինչ այժմ կորուստ չեմ ունեցել, բայց գիտեմ, որ որևէ անեսթեզիոլոգ դրանից ապահովագրված չէ։ Ամեն ինչ չէ, որ իրագործելի է. մեր հնարավորությունները սահմանափակ են, և օրգանիզմն ունի ռեզերվներ։ Վերակենդանացման բաժանմունքում ունեցել եմ ծանր հիվանդներ, որոնց հետ երկար աշխատել եմ, ու որոնց կորցրել եմ․․․ Նաև 44-օրյայի զինվորներից են եղել։ Այդ ընթացքում հիվանդի հետ ես կապվում, և նրա հարազատն է քեզ համար հարազատ դառնում․․․»։

Եթե նորից ընտրեի․․․

Ի տարբերություն մյուս նեղ մասնագիտացումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները շատ ավելի մեծ ծավալի գիտելիքներ պետք է ունենան, որովհետև գործ են ունենում տարբեր առողջական խնդիրներով ու հիվանդություններով պացիենտների հետ։ Սթրեսային գործ, որտեղ արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունը կյանք է փրկում։
«Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն աշխատում են այն հիվանդների հետ, որոնք ամենածանրն են, ոմանք անգիտակից են, անգամ գանգատները չեն կարող ասել, իրենք ամենաանօգնականն են, դրա համար դու իրենց շատ պետք ես»։
Ասում է՝ բոլոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները շատ երիտասարդ տարիքում են ճերմակում։ Բայց անգամ անքուն գիշերներից, գերլարված, սթրեսային առօրյայից, ինքն իր համար ժամանակ չունենալուց հետո եթե կրկին ընտրության հնարավորություն լիներ, վստահաբար նույն ընտրությունը կաներ։
Հ․Գ․ Հարություն Աթոյանը քրոջս՝ Գայանե Փայտյանի հարևանն էր։ Քույրս կատակում էր՝ իր ամենաչսիրած օրերը հենց այն օրերն են, երբ բժիշկը հերթապահության է ու գիշերը կլինիկայում է անցկացնում։ Իսկ երբ տանն է, իրեն ապահով է զգում, որովհետև ցանկացած խնդրի ու գանգատի դեպքում մեկ զանգ, ու վայրկյաններ անց Հարութը 6 հարկ վերևում է։ Հենց Գայանեի միջոցով ծանոթացա հոդվածիս հերոսի հետ, հարցազրույցն արեցինք Գայանեի տանը, երբ բժիշկն իր հանգստյան օրվա մի մասը եկել էր վատառողջ քրոջս մասին հոգ տանելու։ Ճակատագրի բերումով հարցազրույցից ժամեր անց Գայանեին հիվանդանոց տեղափոխեցինք (որտեղից այդպես էլ տուն չդարձավ...)։
Քույրս այս հոդվածին անհամբերությամբ էր սպասում. հպարտանում էր իր հարևան-ընկեր-բժշկով և ուզում, որ նրա մասին շատերն իմանան:
Հարություն Աթոյան