ՌԱԴԻՈ

Ռիսկերը մեծ են. Ստեփանյանը չի բացառում թռչնագրիպի ներթափանցման վտանգը

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով` տեղական արտադրության թռչնամսի ինքնարժեքի մեջ հատկապես մեծ է ախտահանիչների ծախսը։
Sputnik
Ռիսկը, որ աշխարհում դարձյալ տարածված թռչնագրիպի վարակը կարող է հասնել Հայաստան, բավական մեծ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Մենք օր ու գիշեր աշխատում ենք, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում, որ վարակը մեր երկիր չներթափանցի։ Բայց ռիսկերը մեծ են։ Դա այնպիսի բան է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել։ Հիմա Եվրոպայում մեծ տարածում է ստացել, Հնդկաչին թերակղզում սկսվել է։ Ռուսաստանում անընդհատ պտտվում է, մի օջախը փակվում է, մյուսը` բացվում»,– ասաց Ստեփանյանը։
Հայաստանի մասնագիտացված տնտեսություններում արտադրվող թռչնամսի ինքնարժեքի մեջ, միության նախագահի խոսքով, բավական մեծ է հատկապես ախտահանիչների ծախսը, հետևաբար համաշխարհային վարակից խուսափելու լավագույն տարբերակը Ստեփանյանը համարում է հատկապես տեղական տոհմային տնտեսությունների հիմնումը։
Մյուս կողմից Հայաստանի շուկան այսօր մեծ կախում ունի հատկապես ներկրված էժան թռչնամսից, որում նաև հնարավոր վարակի ռիսկերն են մեծ։
«Մենք այսօր ճտի ու ինկուբացիոն ձվի 68 տոկոսը ներկրում ենք, իսկ դա ռիսկ է»,– ասաց մասնագետը։
Նա հայտնեց, որ իրենց միությունը կառավարությանը տեղական թռչնամսի արտադրության ծավալները 4-5 հազար տոննայով ավելացնելու ծրագիր է առաջակել, բայց ռեալ պատասխան դեռ չի ստացել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում տարեկան շուրջ 15 000 տոննա թռչնամիս է արտադրվում, ներմուծվում է 44 000 տոննա, հիմնականում` ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից ու Ռուսաստանից։
2022–ի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 17 505 տոննա թռչնամիս` 2021–ի նույն ժամանակահատվածի 13 466 տ–ի դիմաց։
Նշենք, որ Եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում, Ճապոնիայում թռչնագրիպի վարակի տարածման պատճառով տեղի իշխանությունների ու թռչնաբուծարանների ղեկավարության որոշմամբ տնային թռչունների հազարավոր գլխաքանակներ են ոչնչացվել վարակի հետագա տրածումը կանխելու նպատակով։ Սա իր հերթին հանգեցրել է դեֆիցիտի ու գնաճի։
Հայաստանում թռչնամսի գնաճը այս տարվա հոկտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.5 տոկոս։
Հայաստանում հաստատվել է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով վարակվելու 1 դեպք