Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը
Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ոչ մի սառեցում չի լինելու. ուկրաինական բանակի առջև խնդիր է դրված շարունակել ազատագրել երկիրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կարող որևէ բան սառեցնել, մենք սառցախցիկ չենք։ Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները` անկախ եղանակից։ Նախագահի հրահանգն է` ազատագրել մեր բոլոր տարածքները»,-ասել է Դանիլովը։
Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»:
Հիշեցնենք` զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Խերսոնում իրավիճակը վտանգավոր է դարձել խաղաղ մարդկանց կյանքի համար: Նոյեմբերի սկզբին աջ ափից 115 հազար մարդ է տարհանվել, և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է զորքը տեղափոխել ձախ ափ և ՌԴ զինված ուժերի պաշտպանության գիծը կազմակերպել Դնեպրի սահմանագծով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 261-րդ օրը։