ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Կաթողիկոսն այդ մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը երախտագիտությամբ է արձանագրել բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներդրվող ջանքերը հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մարմինների վերադարձի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կազբեկ Տայսաևն իր հերթին հաստատել է, որ պատվիրակությունն ամեն ինչ կանի, որպեսզինպաստի հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ էր կայացել։ Նիստում քննարկվել էին տարածաշրջանային կարևոր հարցեր։