Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը։ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում կատարված սպանությանը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերվել են 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա 8 և 12 տարեկան երեխաների դիերը։
«Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,–ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել են ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։