Հայաստանին զենք չմատակարարած գործընկերոջ հետ քննարկումները շարունակվում են, ցավոք, հարցը մինչ օրս չի լուծվել։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ի պատասխան լրագրողի` զենքի մատակարարման հետ կապված հարցի։
Ավելի վաղ կառավարության նիստում վարչապետն ասել էր, որ Հայաստանի գործընկերներից մեկը չի կատարել զենքի մատակարարման պարտավորությունների մասին պայմանագիրը։ Հետո մամուլում ու սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր խոսքը Ռուսաստանի մասին է։ Սակայն այս հարցում պաշտոնական մեկնաբանություններ չեղան։
«Մեր քննարկումները շարունակվում են։ Ցավոք` հարցը մինչ օրս չի լուծվել»,–ասաց Փաշինյանը։
Լրագրողը նկատեց, որ մամուլում շրջանառվում էր Հորդանանի անունը։ Փաշինյանն էլ ժպտալով պատասխանեց, որ «մամուլը սովորաբար հավաստի տեղեկատվություն է տալիս»։
Փաշինյանը նաև հավելեց, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել զենք մատակարարելու իր հնարավորությունները։
«Այսօր մենք փորձում ենք, աշխատում ենք զենք և զինտեխնիկա ձեռք բերելու մեր հնարավորությունների դիվերսիֆիկացման վրա»,- ասաց Փաշինյանը՝ ի պատասխան Հնդկաստանից զենք մատակարարելու մասին մամուլի հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին։
Նրա խոսքով` եթե զենքի մատակարարման մասին տեղեկատվություն հրապարակելու անհրաժեշտություն ու նպատակահարմարություն լինի, ապա դա կարվի։