ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է Ադրբեջանին տրանսպորտային հաղորդակցությունների կազմակերպման նոր առաջարկ ներկայացնելու պատրաստակամության մասին։
Նշենք, որ նոր առաջարկի մասին վարչապետը հայտարարել էր կառավարության նիստում։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը նշեց, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգով, ապա այդ ճանապարհին մտածել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ պետք է չշփվեն և հակառակը, այդքան էլ ճիշտ չէ։ Վաղ թե ուշ` հայերի և ադրբեջանցիների միջև անմիջական շփումներն անհրաժեշտություն են դառնալու։
Փաշինյանի խոսքով` հարցի շուրջ տարաձայնությունները սկսվել են նրանից, որ ճանապարհների ապաշրջափակման թեման քննարկելիս Ադրբեջանն ասել է, որ կարծում է` իր քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է` մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ ունենալու պարագայում։
Այնուհետ, դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, հայկական կողմն առաջարկել է մաքսային ընթացակարգերի կազմակերպման գործում որպես օպերատորներ ներգրավել երրորդ երկրի ներկայացուցիչներին։
Շուտով այս առաջարկների փաթեթի թարմացված և փոքր-ինչ պարզեցված տարբերակը կներկայացվի Ադրբեջանին։
«Կարծում եմ՝ ի վերջո պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին՝ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, իսկ Հայաստանի սահմանին՝ հայ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտի համար. փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողության ապահովման հարցերով։