ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանում ավտովթարի են ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և դրան ուղեկցող մեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Այսօր` ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Նախնական տեղեկությունների համաձայն` վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Հայտնի չէ`վթարի պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, թե ոչ։
Կայքը գրում է, որ վթարից հետո ավտոմեքենայի հետևի համարանիշը հանել են։