Ներհամայնքային ուղևորափոխադրումների կարգավորումներում նոր փոփոխություններից կարող է տուժել համայնքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունն առաջարկում է փոփոխություն անել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման ընտրությունը կատարել ոչ միայն մրցույթով, այլև գնման ընթացակարգով։ Այդ դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը` ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի։ Ուղևորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ կփոխանցվի համայնքի բյուջե, և փոխադրող կազմակերպությունը համայնքից կստանա իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից:
Ուղևորափոխադրողների միության նախագահի խոսքով` համայնքի համար խնդիր կարող է լինել կիլոմետրի համար արժեք սահմանելը, քանի որ գործիքակազմ չկա, թե ինչպես պետք է հաշվարկվի կիլոմետրի արժեքը։ Նա միաժամանակ կարծում է, որ փոփոխություններից հետո վարորդները կախում չեն ունենա ուղևորների քանակից։
«Գործող սակագներով էլ աշխատելու դեպքում տուժում է ուղևորափոխադրողը, քանի որ ուղեվճարը չի համապատասխանում ծառայությունների արժեքին։ Պետք է երթուղիների ուղեվարձը սահմանվի այնպես, որ դա ձեռնտու լինի ուղևորափոխադրողին։ Ինչ էլ փոխենք օրենքում, մի կարևոր խնդիր կա` հասույթը, որը պետք է համապատասխանեցվի ապրանքների և իրերի հետ, որ մենք գնում ենք փոխադրամիջոցների համար։ Մինչև չհավասարեցվի, ինչ մեթոդ էլ կիրառվի, իրեն չի արդարացնի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղիազարյանը։
Նա խնդրի լուծման տարբերակ է առաջարկում` պետք է ստեղծել անկախ խումբ, որը կկատարի Ա կետից Բ կետ տեղափոխման գնահատում (որքան կարող է արժենալ ուղեվարձը), և ուղևորափոխադրման համար գումար սահմանվի։
«Չի կարող ուղեվարձը ստանդարտ և կայուն լինել։ Երևանում 1996 թվականից ուղեվճարը չի փոխվել, այդ պատճառով ուղևորափոխադրման որակից տառապում է երևանցին։ Այդ վճարը պետք է լողացող լինի, և գինը, փոխարժեքով պայմանավորված, կարող է և՛ բարձրանալ, և՛ իջնել»,– նշեց մեր զրուցակիցը։
Եղիազարյանը շեշտեց` ուղևորափոխադրումը, որը նույնպես սպասարկման ոլորտ է, պետք է պետության հոգածության շրջանակում լինի։