ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հրետանին և ավիացիան ոչնչացրել են ամերիկյան հակամարտկոցային պայքարի երեք ռադիոտեղորոշիչ կայան, որոնցից օգտվում էին ուկրաինացի զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը, իսկ Նիկոլաևի շրջանում` հրետանային զինամթերքի պահեստը։
Բացի այդ, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման երկու կետ, Նիկոլաև քաղաքի և Խերսոնի շրջանի Սուխոյ Ստավոկ բնակավայրի շրջաններում` օտարերկրյա վարձկանների, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 153 շրջաններում», - նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն հայտնել է, որ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինծառայողների, նրանց աջակցող գրոհայինների և վարձկանների շրջանում կորուստները մեկ օրում կազմել են 160 մարդ:
Ուկրաինական ստորաբաժանումները կանգնեցվել և ցրվել են պաշտպանության գծի հեռավոր մատույցներում։ Ոչնչացվել են ավելի քան 90 ուկրաինացի զինծառայողներ և գրոհայիններ, մեկ տանկ և չորս մարտական զրահապատ մեքենա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 259-րդ օրը։