ՌԴ ԱԴԾ–ն Եկատերինբուրգում ահաբեկչություն է կանխել, կասկածյալը ձերբակալվել է

ՌԴ ԱԴԾ–ն Եկատերինբուրգում ահաբեկչություն է կանխել, կասկածյալը ձերբակալվել է
Sputnik
ՌԴ ԱԴԾ–ն Եկատերինբուրգում վարչական շենքերից մեկում ահաբեկչական գործողություն է կանխել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Սվերդլովսկի մարզի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությանը։
«ՌԴ ԱԴԾ Սվերդլովսկի մարզի վարչության և ռազմական հակահետախուզության մարմինների համատեղ հատուկ գործողությունների արդյունքում, հանցավոր մտահղացման իրականացմանը նախապատրաստվելու ժամանակ, ձերբակալվել է ՌԴ 47-ամյա քաղաքացի, որը մտադիր էր Եկատերինբուրգի Կիրովի շրջանում վարչական շենքերից մեկում ահաբեկչական գործողություն իրականացնել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են գերատեսչությունում` տղամարդը, ով ահաբեկչական և ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների և շարժումների համախոհ է, նախատեսում էր խուճապ առաջացնել տեղի բնակչության շրջանում և ապակայունացնել քաղաքային և մարզային իշխանության մարմինների աշխատանքը։
ԱԴԾ–ից նշել են, որ կասկածյալի բնակության վայրի խուզարկության ժամանակ 5 ինքնաշեն հրկիզող սարք է առգրավվել։
Նշվում է նաև, որ տղամարդը ձերբակալվել է, հետախուզվում է նրա հանցակիցը։ ԱԴԾ–ի քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 30–րդ հոդվածի 1-ին մասով, 205–րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով («Ահաբեկչական գործողության նախապատրաստում»)։