Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
Փոխվարչապետն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգի հարցերը: Ընդգծվել է ընթացիկ տարում արձանագրված գոհացնող արդյունքը՝ երկկողմ առևտրի զգալի աճը:
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, խոսվել է ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։