Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին

ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ հայտարարություններն արվում են հնարավոր խաղաղության պայմանագրի բանակցությունների հաջորդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններըն ապացուցում են, որ Ադրբջանի իշխանություննրի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի ու տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում։
Նշենք, որ Իլհամ Ալիևը, Շուշիում ելույթ ունենալով Ադրբեջանի «հաղթանակի օրվա» կապակցությամբ, հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է»։ Ալիևը հայտարարել էր, որ երկու տարի է` իրենք ձեռք չեն տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին, քանի որ պարտավորություն են վերցրել և կատարում են։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, սակայն երկու տարի է, ինչ չկա տեխնիկատնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ:
Վարչապետը հիշեցրեց, որ այդ հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հաջորդ օրը։
«Տխրահռչակ այդ հայտարարույթյամբ Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունը ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Ալիևն այդ հայտարարություններով պաշտոնապես բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին` ՀՀ մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների օգտագործմամբ ահաբեկելով ՀՀ խաղաղ բնակչությանը։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ 2020թ–ի դեկտեմբերին Ադրբեջանն ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերն ու հարակից տարածքները` խախտելով 2020թ–ի Եռակողմ հայտարարությունը` ԼՂ հակամարտության գոտում կրակի ամբղջական դադարեցման ու կողմերի` իրենց զբաղեցրած դիրքերում մնալու մասին։
«Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ–ի մարտին` ներխուժելով ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը։ Եվ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։