ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախի գերեզմանատանը մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով է անցնում Երևանի գլխավոր կոյուղատար համակարգը: Հսկայական խողովակների վնասվելու պատճառով կոյուղաջուրը լցվել է հարակից գերեզմաններ ու ամբողջությամբ ծածկել: Ճահճացած տարածքին մոտենալն անհնար է»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշում են, որ խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Նրանք նախաձեռնել էին տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է:
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
© Photo : official site of Yerevan municipality
««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչև հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,-նշում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
© Photo : official site of Yerevan municipality
Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր։ Այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: Հարակից տարածքների բնակիչներն էլ ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով:
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
© Photo : official site of Yerevan municipality