ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կառավարությունը վերանայում է ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումները` ոլորտի կառավարումը հանձնելով մասնավոր կազմակերպություններին։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» գործող օրենքով սահմանված է, որ օպերատորը 100 տոկոս համայնքային կազմակերպություն է, իսկ երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով:
Այս կարգավորումներով համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, և համայնքները փաստացի մնում են առանց տրասնպորտային սպասարկման։
Խնդրի լուծման համար կառավարությունն առաջարկում է փոփոխել գործող օրենքն ու ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման ընտրությունը կատարել ոչ միայն մրցույթով, այլև գնման ընթացակարգով։
«Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի»,– ասված է որոշման նախագծում։
Ուղևորների վճարած փոխադրավարձը, նոր կարգով, ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից: Պայմանագիրը կնքվելու է 5-10 տարի ժամկետով, տրանսպորտային միջոցների տարիքը չպիտի գերազանցի 10 տարին։
Առաջարկվում է կանոնակարգել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման պահանջը և նման իրավունք վերապահել ցանկացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ։
Օրենքի փոփոխությունների ընդունման արդյունքում, կառավարության համոզմամբ, կբարձրանա կանոնավոր ուղևորափոխադրումների որակն ու արդյունավետությունը։ Իսկ յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար ստանալով` փոխադրողն այլևս շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Համայնքի ավագանին իր հերթին հնարավորություն կունենա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար (ըստ սոցիալական խմբերի), ինքնուրույն որոշել ուղեվարձի չափը։
Նշենք, որ օրենքի փոփոխության ընդունման դեպքում այն կտարածվի ոչ միայն մարզային, այլև երևանյան տրանսպորտի վրա։