Հայաստանը 2 դուդուկ կնվիրի Ժնևի ազգագրության թանգարանին

Դուդուկ
Հայկական դուդուկը 2008 թվականին գրանցվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Ժնևի ազգագրության թանգարանին 2 դուդուկ կնվիրի ցուցադրության նպատակով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` Շվեյցարիայի Հայաստանի դեսպանության և Ժնևի ազգագրության թանգարանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման հիմնադրամը» իրականացրել է ազգային նվագարանների պատրաստման և կիրառման ուսուցման ծրագիր, որի շրջանակում 9 նվագարան է պատրաստել (2 քամանչա՝ պատյանով, 2 քանոն՝ պատյանով, 3 դուդուկ՝ պատյանով, 2 բլուլ՝ պատյանով) և հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար արտերկրի երաժշտական թանգարաններին նվիրելու նպատակով: Նշված մշակութային առարկաները ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահոցների ցուցակում:
Դուդուկ նվագող ու հայերեն բանաստեղծություններ գրող հրեան կամ սեր առաջին հայացքից
Այս պահին Ժնևի ազգագրության թանգարանում ցուցադրվում են վրացական դուդուկներ, իսկ 2023 թ.-ին Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման է ներկայացրել «Բալաբան/մեյի արհեստագործությունը և կատարողական արվեստը» հայտը, որը կառուցվածքով դուդուկին նման երաժշտական գործիք է:
Ժնևի ազգագրության թանգարանին երկու դուդուկի նվիրաբերումը նպատակային է, քանի որ նվիրաբերման գործընթացի իրականացմամբ ապահովվում է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումը, ինքնության առկայությունն ու արժևորումը, ինչպես նաև ուղղված է մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացնելուն:
Ժնևի ազգագրության թանգարանին դուդուկներ նվիրելը կնպաստի նշյալ թանգարանի այցելուների մոտ գործիքի ծագման երկրի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը և կխթանի զբոսաշրջության ցուցանիշների աճը, որն էլ իր հերթին կանդրադառնա տնտեսական կամ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման վրա:
ՀՀ-ում ավելի ու ավելի քիչ թվով մարդիկ են ուզում սովորել կոնսերվատորիայում. Վարդան Աճեմյան