Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը բացի առաջիկայում ներկայացվելիք առաջարկից նաև մեկ այլ` «լրացուցիչ առաջարկ էլ ունի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` անդրադառնալով Ադրբեջանի հետ կոմունիկացիաների վերաբացման պայմանավորվածության գործընթացին։

«Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։ Ընդ որում` մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ Եվ, ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ` լրացուցիչ առաջարկ ունենք»,– հայտարարեց Փաշինյանը` չբացահայտելով նոր առաջարկի մանրամասները։

Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հարցի ուղղությամբ, սակայն, կոնկրետ քայլեր դեռևս չկան։