ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` անդադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» խնդրին։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել կոմունիկացիաները` դրանցում հսկիչ անցագրային կետեր տեղադրելով։
«Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճաով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նոր ճանապարհների կառուցման որևէ պարտավորություն Հայաստանը որևէ փոաստաթղթով չի ստանձնել։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն սահմանում է` կողմերի համաձայնության պարագայում։ ՀՀ–ն պատրաստ է տալ իր համաձայնությունը, իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով` Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին ու ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել Երախս–Մեղրի– Օրդուբադ երկաթուղու վերականգնման աշխատաքները սկսելու պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել երկու երկրների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ու հրաժարվել է ստորագրել այդ պայմանավորածությունները հաստատող փաստաթուղթը։
Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահն այսօր էլ հրաժարվորւմ է ստորագրել այն, մինչդեռ ինքն այսօր էլ պատրաստ է ստորագրել նման պայմանագիր։