Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում անհետ կորած համարվող տղաների մարմինները վերադարձնել հայկական կողմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Հայաստանը 16 անհետ կորած ունի, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում։ Կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը բոլոր մեթոդներով ձգձգում է 16 զոհերի մարմինները վերադարձնելը։ Միաժամանակ, Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման` փորձ անելով ներկայացնել, թե նման խնդիր միայն ինքն ունի, և Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում։ Մինչդեռ, ՀՀ համար սա նույնքան հրատապ խնդիր է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից Հայաստանից անհետ կորածների թիվը 777 է, իսկ 44-օրյա պատերազմից` 203։
Նրա խոսքով` 2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը։
Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ` ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման կետը` շարունակելով կալանքի տակ պահել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և փորձելով այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում. Վայոց Ձորի մարզպետ
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։