ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տեղեկատվական հարձակումները` ուղղված Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահներին։
Պատասխանելով համապատասխան հարցին՝ Զախարովան նշել է, որ ՌԴ-ն բացասաբար է վերաբերվում ցանկացած ապակառուցողական արշավի՝ լինի դա ԶԼՄ-ներում, թե զուտ քաղաքական բնույթի, ու կարևոր չէ, թե ինչին է դա վերաբերում։
«Երեք երկրների ղեկավարները Սոչիում նշել են զորակազմի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգություն ապահովելու գործում և արձանագրել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի պահանջված լինելը», - նշել է նա:
Զախարովան ավելացրել է, որ ցանկացած դրական կառուցողական ու ստեղծարար նախաձեռնություն միշտ բացասական արձագանքի ալիք է առաջացնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի է ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։