ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի և նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել են ննջասենյակում։ Սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:
«Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին: Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: Նախաքննությունը շարունակվում է: