ՌԱԴԻՈ

Պատահական տեղերում բարձրահարկեր են կառուցում. ի՞նչ մակարդակի է ուրբանիզացիան Հայաստանում

Երևանյան շինությունների խնդիրների պատասխանատուն քաղաքապետարանն է։
Sputnik
Երևանում իրականացվող շինարարությունն ու նորակառույցների դասավորությունը հակասում են ուրբանիզացիայի, քաղաքաշինության կանոններին, որոնք են` մարդու համար ապահով և հարմարավետ միջավայր ստեղծելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Կառուցապատողը ցանկանում է` լավագույն տեղում ինքն ամրանա, և ցանկացած ճանապարհով դա անում է։ Երևանի խնդիրն է, որ պատահական տեղերում բարձրահարկ շենքեր են կառուցվում, հաշվի չի առնվում որոշ տեղերում քաղաքի խտությունը, ինչքան և ինչպես է ազդում մարդու վրա, հաշվի չի առնվում քաղաքի հետագա զարգացման հեռանկարը, և դրանք ոչ մի քաղաքաշինական պայմանների չեն բավարարում»,– նշում է ճարտարապետը։
Երևանյան շինությունների խնդիրների պատասխանատուն քաղաքապետարանն է, բայց քաղաքապետարանի թույլ կողմը, Մինասյանի դիտարկմամբ, իր բյուջեն է։ Երբ կառուցապատողը աշխատատեղեր կամ այլ ֆինանսական միջոցների հոսք է խոստանում, քաղաքապետարանը անհեռատես մոտեցմամբ համաձայնում է, որ իր ֆինանսական բացերը լրացնի։
Այստեղ Մինասյանն առաջարկում է դիտարկել արվարձանները և մայրաքաղաքի ծայրամասերը շինարարությունների ընդլայնման համար։ Սակայն սրա համար էլ, նրա խոսքով, պետությունը պետք է լուրջ ֆինանսական միջոցներ ունենա, որպեսզի կարողանա կառուցապատողից պահանջել, որ շինությունը կառուցի իր պահանջներին համապատասխան։
Հայաստանում շինարարության ծավալներն աճել են 12.7 տոկոսով
Եթե Երևանում բնակչության և շինությունների խտության խնդիր կա, ճարտարապետի դիտարկմամբ` այլ պատկեր է հանրապետության մյուս քաղաքներում։ Նույնիսկ մայրաքաղաքին մոտ գտնվող փոքր քաղաքներում` օրինակ` Չարենցավանում, Աբովյանում, որոնք նախկինում կարողանում էին գործարաններով մարդկանց կեցություն ապահովել, այսօր քաղաքները բավականին թույլ են բնակեցված։
«Շատ վաղուց` դեռևս խորհրդային ժամանակներում, տարաբնակեցման փաստաթուղթ կար, որպեսզի մի քաղաքում չկենտրոնանա բնակչության 2/3–րդը, որը չափազանց վտանգավոր է։ Սա նաև կօգներ, որ հանրապետության տարածքով քաղաքները համաչափ զարգանային։ Հիմա թույլ բնակեցված բնակավայրերից են նաև մեր հայտնի բնակավայրերը` Գորիսը, Կապանը, որ պետք է մեր փոքրիկ ամրոցները լինեին տարածքում»,–ասաց Մինասյանը։
Նա ընդգծում է` պետք է գեղեցկացնել կյանքն ու շրջապատը, սակայն եթե պետությունը չունի ուժ վերջնական խոսք ասելու, պետք է «ոտքը վերմակի չափով մեկնի»։
Ի՞նչ գործոններ են նպաստում ՀՀ–ում շինարարության ծավալների աճին. տնտեսագետի տեսակետը