Մոտ ենք կոնկրետ նախագծերի իրականացմանը. Զախարովան` ՀՀ–Ադրբեջան բանակցությունների մասին

Մարիա Զախարովան ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման սկիզբն է դրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման երկու տարին։ Նրա կարծիքով՝ այս քայլը թույլ է տվել վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորմանն է սկիզբ դրվել։
ՌԴ-ն օգտագործում է «երթուղի» տերմինը. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» հարցի մասին
Զախարովան ընդգծել է, որ եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը արդյունավետորեն կատարում է իր առջև դրված խնդիրները, էական ներդրում է կատարում տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:
«Դա գնահատում են մեր հայ և ադրբեջանցի ընկերները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունները հիմք են դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար»,–ասել է Զախարովան։
Նա կարծում է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխվարչապետների համանախագահությամբ մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Մենք գնում ենք Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ նախագծերի շուտափույթ իրականացման ճանապարհով։ Ըստ առաջնորդների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծվել և աշխատանքի է անցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովը»,–ասել է նա։
Զախարովայի գնահատմամբ՝ այս մեխանիզմի աշխատանքը տարածաշրջանում իրավիճակի կայունացման տեսանկյունից կրիտիկական նշանակություն ունի։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: