ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերի բնակիչներին և 1 բնակավայրի որոշ տնտեսությունների վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Վերջինս այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի և նույն պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի հետ։
Սարգսյանը Դի Ֆրանչեսկանտոնիոյին ներկայացրել է ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։ Նա նշել է նաև, որ մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում այժմ աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։
«Անդրադարձ կատարվեց նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ցուցաբերած աջակցությանը, անվտանգային խնդիրներից ելնելով` նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացմանը։ Խոսվել է նաև հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների մասին, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է»,– գրել է Գեղարքունիքի մարզպետը։
Քննարկման փուլում են 2 բնակավայրի համար շարժական բուժկետ տրամադրելու, դիահերձարաններին համապատասխան սարքավորումներ և կահույք տրամադրելու, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքները ֆինանսավորելու, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստման ծրագրերը։
Գեղարքունիքի մարզպետարանն էլ պատրաստվում է Կարմիր խաչին տրամադրել անհրաժեշտ տեղեկություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։