Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալի աճը կկազմի ավելի քան 40 %. ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և Իրանի ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի հանդիպումը
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Իրանի առևտրա–տնտեսական հարաբերությունների մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը երկու երկրների համար էլ մնում է առաջնային։ Այս հարցն այսօր քննարկել են Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7–ից 9–ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին` նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։
«Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»,– նշել է ՀՀ ֆինանսների նախարարը։
Էհսան Խանդուզին էլ իր հերթին նշել է, որ Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա։
«Հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»,– նշել է նա։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ: