ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը Փարիզ է մեկնել աշխատանքային այցով, հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվենին և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից նրան հրավիրել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարևորվել է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը և ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման և կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարևորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք:
Արշակյանը շնորհակալություն է հայտնել ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսևորած համերաշխության ու սատարման համար։ Նա բարձր է գնահատել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքի ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարևոր հանձնառության համար։
Արշակյանը կարևորել է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը:
ԱԺ փոխխոսնակն արժևորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու և ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։