18 000 մարդ մնացել է անօթևան. քաշաթաղցիները մանրամասնում են` ինչն է խնդիրը

Քաշաթաղցիները ահազանգում են` պետությունը նրանց 10 մլն դրամ է առաջարկում տուն գնելու համար, իսկ շուկայում այդ գնով տուն գնել չեն կարող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Քաշաթաղցին այս պահին բնակարանային լուրջ խնդիր ունի, քանի որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սերտիֆիկատներում նշված է, որ բնակարան գնելու համար մինչև 10 մլն դրամ են պատրաստ փոխհատուցել։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաշաթաղցիներից մեկը։
«Այսօր 18 000 քաշաթաղցիներ մնացել են անօթևան։ Հարցն այն է, որ դեռ այն ժամանակ` 1990-ականներին, միջազգային կառույցներում տեղյակ չէին, որ Քաշաթաղը վերաբնակեցվում է, և եթե այնտեղ տեղյակ չէին` էլ ինչ վերաբնակեցում։ Ըստ էության` մենք այսօր շատ խոցելի վիճակում ենք, քանի որ ստացվում է, որ տեղի է ունեցել ապօրինի վերաբնակեցում, որի նպատակն էր փողերի լվացումը»,–ասաց տղամարդը։
Նրա խոսքով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գոտում բնակեցնելքաշաթաղցիներին։ Սակայն, ըստ տղամարդու, «ծակ գրպանով» քաշաթաղցին ի՞նչ է անելու սահմանամերձ գոտում` ո՛չ գույք ունի, ո՛չ էլ ինչ–որ գործ ձեռնարկելու միջոցներ։
Քաշաթաղցիները պահանջում են, որպեսզի ուսումնասիրեն տների այժմյան շուկայական գները և իրենց համար բարձրացնեն բնակարան գնելու համար նախատեսված գումարը։ Բացի այդ, ուզում են, որպեսզի իրենց որոշակի գումար տրամադրեն, քանի որ այժմ ունեն դրա կարիքը։ Տղամարդը հավելեց, որ վերաբնակեցման ժամանակ իրենց որևէ փաստաթուղթ չեն տվել, իսկ հիմա գործարքների համար սեփականաշնորհման գրքույկ են ուզում։
Ունենք անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում. հադրութցիները բողոքի ակցիա են անում
Մեկ այլ քաշաթաղցի` Վաչագան Մկրտչյանը, հայտնեց, որ այժմ ստիպված վարձով Հրազդանում է ապրում, քանի որ տուն չունի։ Տղամարդը նշեց, որ այժմ պետությունը գումարներ է տալիս այն քաշաթաղցիներին, որոնք հողեր են ունեցել Քաշաթաղում և դրանք կադաստրով ամրագրված են եղել։
«Ես խոշոր այգիներ ու տուն ունեի, բայց չեմ կարողացել կադաստրով իմ տարածքն ամրագրել, քանի որ մարդը պետք է ապրեր այնտեղ, որ հասկանար, թե ինչ դժվար գործընթաց է դա։ Սակայն հարցն այն է, որ հարուստները, որոնք Քաշաթաղում տուն չեն էլ ունեցել, ուղղակի կադաստրով որոշակի հողեր են ամրագրել իրենց անունով և հիմա պետությունից փող են ստանում»,–ասաց նա։
Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը հայտնեց, որ տան դեպքում, եթե անգամ սեփականության վկայական չունեն, համայնքի ղեկավարը կարող է տեղեկանք տրամադրել, որ այսինչ մարդն ապրել է Քաշաթաղում։ Նրա խոսքով` այս պահին բաց է մնում առանց փաստաթղթավորման տնօրինած տնամերձերի հարցը։
«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան
«Երեկվա դրությամբ 2331 արցախցի տեղահանված ընտանիքի բնակարանի սերտիֆիկատ է տրամադրվել։ Այն տեղահանվածները, որոնք պատրաստ են Արցախում վերաբնակվելու, Արցախի կառավարությունը բնակարաններով ապահովում է»,–ասաց Սավադյանը։
Ի պատասխան քաշաթաղցիները նշեցին, որ առաջարկում են իրենց մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի բնակարանների խնդրով, նյութական վնասի փոխհատուցման հարցով։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության, ՀՀ–ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ–ի գրասենյակի շենքերի մոտ և իշխանություններից պահանջել որևէ կարգավիճակ տալ իրենց։