Ինչպես է փոխվել Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 2 տարում

Սևանա լճի մակարդակի իջեցումը կապված է ջրի բացթողումների ու կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում:
Sputnik
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` նոյեմբերի 6-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նվազել է 13 սմ-ով՝ 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
2022 թ.–ի փետրվարից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր մակարդակին հասել էր հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետները բացատրում էին` դրական փոփոխությունը կապված է ջրի բացթողումների բացակայության ու Արփա-Սևան թունելի գործարկման հետ։ Սակայն ոռոգման ջրառի սկսվելուց և եղանակի կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը սկսեց նորից իջնել։ Արդյունքում նոյեմբերին գրանցվել է ամենացածր՝ 1900.37 մետր մակարդակը։
Վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր:
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933 թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել` հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։
Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017 թ.-ին ու շարունակվում է մինչ այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։