ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։ Անդրադառնալով սեպտեմբերի 13–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին` ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողություններն ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ` զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։»,–ասել է Խաչատուրյանը:
Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:
ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի մասնակիցներ
© Photo : official site of the President of RA
Նախագահն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին է մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։