ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պլանավորում է «Գազպրոմի» հիմքի վրա 11-ամյա դպրոց բացել Հայաստանում։ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
«Կա երկու տեսակ ռուսական սեկտոր` ռուսաստանյան դպրոց, որը գործում է ՀՀ–ում, օրինակ` Քանաքեռի 11-ամյա ռուսական դպրոցը, և կան ռուսական դասարաններ` ՀՀ 12-ամյա դպրոցներում։ Այստեղ ավարտելուց հետո հայկական նմուշի ավարտական փաստաթուղթ են ստանում, և այնտեղ կարող են սովորել կա՛մ այլ քաղաքացիություն ունեցողները, կա՛մ էլ մեր քաղաքացիները, որոնք 5 տարի ապրել են Հայաստանից դուրս։ Այսօրվա դրությամբ 3500 թափուր տեղ ունենք այդ դպրոցներում»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` Ռուսաստանից եկած ընտանիքների երեխաների կրթության հարցերը պետք է կազմակերպեն։ Դումանյանը նշեց` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ փետրվարից հետո ռուսական դասարաններ ընդունվողների թիվը 1000-ից չի անցնում։ Նրա խոսքով` ՀՀ 45 դպրոցներում կան ռուսերենով դասավանդվող դասարաններ։ Սակայն հարցն այն է, որ ուսուցչական կադրերի կարիք կա` ռուսերեն դասավանդող ուսուցիչների տարիքը շատ բարձր է, նրանց փոխարինողներ չկան։ Անդրեասյանը հայտնեց` պատճառն այն է, որ որևէ բուհում չկա նման բաժին, և հիմա քննարկվում է, որպեսզի մանկավարժական համալսարանում լրացուցիչ դասընթացներ կամ մոդուլներ լինեն, որպեսզի ուսանողները հետագայում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն դասավանդելու հնարավորություն ունենան։