Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Քրիստինե Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կոպիտ խախտումները

ՄԻ պաշտպանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումների փաստեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
«Գրիգորյանը ներկայացրել է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքերի, ինչպես նաև պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում` աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։