Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է. քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է։ Ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ նա արել է անձնական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատության սահմանափակում` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։