Հնարավոր է` նոր կայարանի կառուցումը ֆինանսավորեն միջազգային կազմակերպությունները. Սարգսյան

Մետրո
Մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը նախագծման փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը հավանաբար կֆինանսավորեն միջազգային կազմակերպությունները, քանի որ էներգախնայողության կոմպոնենտներ կան ծրագրում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը 2023 թվականին չի լինի։ Ինչպես գիտեք, ծրագիրը նախագծման փուլում է։ Առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացն է տեղի ունենում։ Նախագծման փուլը պատրաստ կլինի 2023 թվականի հունիս-հուլիսին, որից հետո, երբ նախահաշվարկային փաստաթղթերը լինեն, մրցույթ կհայտարարվի մետրոյի կայարանի կառուցման համար։ Չեմ կարծում` 2023 թվականից սկսենք կառուցել»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` քաղաքապետարանը հոկտեմբերին հայտարարեց, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
Նշենք, որ Երևանում մետրոն կառուցվել է ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Դրանից հետո աշխատանքները դադարեցվել են և չեն վերսկսվել։ Մինչև 1991թ.–ի վերջը հասցրել էին «Բարեկամություն» կայարանից դեպի Հրազդան գետ թունել կառուցել, իսկ մյուս հատվածում` Աջափնյակում, ոչ լայնածավալ աշխատանքներ կատարել։
Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։