ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը հայց է հարուցել վարչական դատարան` վիճարկելու համար Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի («Սիլ պլազա» - խմբ.) սեփականաշնորհման օրինականությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվական ծառայությունից։
Դատախազությունից հայտնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել «Հետքի» «$ 5655. սեփականաշնորհում «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման հիման վրա։
Հիշեցնենք` «Հետքը» դեռ նախորդ տարի գրել էր, որ «Սիլ պլազայի» շենքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը սեփականաշնորհել է 5655 դոլարով (1995 թվականին), իսկ սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։
«Հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով»,– ասացին դատախազության լրատվական ծառայությունից:
Հայաստանի վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի որոշմամբ` հոկտեմբերի 28–ին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Նույն օրը մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվոր Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Հայաստանի կադաստրի կոմիտեին վիճելի հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ:
«ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել արգելել կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Արամի 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը»,– հայտնում են դատախազությունից:
Նույն ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է նաև քրեական գործ: