«Մենակ աչքով չտաս»․ Գագիկ Սուրենյանի գրառումն ու հետևորդների հումորը

Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Սուրենյանի էջի հետևորդները նրան խնդրել են «եղանակի պուլտը թողնել նոյեմբեր ամսվա վրա ու առաջիկա 4 ամիսներին ձեռք չտալ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հերթական անգամ իրարանցում է առաջացրել ֆեյբուքյան իր էջում։ Այս անգամ Սուրենյանի էջի հետևորդները հաշտ ու համակարծիք են նրա հետ, ասում են՝ «խոստումի տերն է»։
Նշենք, որ ավելի վաղ Սուրենյանը կանխատեսել է, որ նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։
«Նման ներդաշնակ ու գեղեցիկ աշուն վաղուց չէինք ունեցել»,-գրել է Սուրենյանը։
Դե իսկ հետևորդների արձագանքը չի ուշացել։ Բացի մեկնաբանություններից նրանք նաև գրառման տակ աշնանային լուսանկարներ են տեղադրել` ՀՀ–ի տարբեր մարզերից։
«Իրոք գոհ եմ, ապրես», «Սուրենյան, մենակ աչքով չտաս», «Սուրենյան ջան, մինչև դեկտեմբեր նույն տեմպը պահի», «Եղանակի պուլտը դիր նոյեմբերի վրա մի 4 ամիս թող մնա», «Սուրենյան, եղանակը Save արա մինչև մայիս», «Սուրենյան, էլ մի բզբզա, Ճամբարակում ձյուն է գալիս»,-գրել են նրանք։
Հիշեցնենք, Գագիկ Սուրենյանը նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։
Նա նշել էր, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերին կլինի կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս։
Ըստ կանխատեսումների` հանրապետությունում սպասվում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտ, որը կապահովի կայուն եղանակ։