ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի Կարբի գյուղի 73-ամյա բնակչուհուն բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրած և նրա մահվան պատճառ դարձած անձը կնոջ 43-ամյա որդին է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ կնոջը՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է նոյեմբերի 4-ին, ժամը` 13:20-ին։ Նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժածի որդին է՝ ծնված 1979թ-ին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տղամարդը, հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը:
Նախաքննությունը շարունակվում է: