Գյումրիում ստեղծված գործերը կմասնակցեն Կալիֆոռնիայում կայանալիք ցուցահանդես-համաժողովին

Գունային ու զարդանախշային համադրությամբ հայկական ձեռագործ գորգերը տարբերվում են մյուս գորգերից: Հայկականը պահպանելու և ավանդույթները վերականգնելու նպատակով Գյումրիում փորձում են զարգացնել գորգագործությունը՝ հնարավորություն տալով երիտասարդներին սովորել գորգ գործել:
Sputnik
Համբերատար, մատների հմուտ շարժումներով, թելը թելին տիկին Սահականուշը ստանում է զարդանախշը: 33 տարի է՝ դազգահի առաջ է: Սկզբում հոբբի էր, հետո դարձավ ապրուստի միջոց: «Միշտ եմ սիրել ձեռագործը՝ սկզբում շյուղերով էի գործում, հետո Գեղարվեստի ուսումնարանն ավարտելով, սկսեցի գորգեր գործել»,- Sputnik Արմենիային պատմում է Սահականուշ Մկրտչյանը: Հմուտ գորգագործը վստահեցնում է՝ առաջ ավելի մեծ էր երիտասարդների ցանկությունն այս արհեստին տիրապետելու, հիմա ոչ այնքան՝ մոդայիկ չէ:
Սահականուշ Մկրտչյանը
Երիտասարդներին արհեստի գաղտնիքները բացահայտելու, իսկ վարպետ-գորգագործներին իրենց սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորություն տալիս է «Կումայրի կարպետ» ընկերությունը, որը Շիրակի մարզում առաջինն էր, որ Ամասիայի արհեստագործական ուսումնարանի հետ իրականացրեց դուալ կրթության ծրագիրը: «Մեր պապական արհեստը չի կորի, եթե երիտասարդներն ունենան նման հնարավորություն` վարպետ գորգագործների հետ կողք-կողքի աշխատելու»,-ասում է ընկերության հիմնադիր տնօրենը Հեղինա Ադամյանը:
«Կումայրի կարպետ» ընկերության աշխատակցուհիները
Ընկերությունը ստեղծվել է համավարակի շրջանում՝ գյումրեցի կանանց աշխատանք տալու և հայկականը պահպանելու նպատակով: Սկզբում 10 կանանց են աշխատանքով ապահովել, հիմա աշխատանքներում նաև տնայնագործ վարպետներն են ներգրավված:
Հիմնական եկամուտը անհատական պատվերներից է ու ցուցահանդես վաճառքներից: Իրազեկման խնդիր ունեն՝ շատերը չգիտեն դեռ իրենց մասին: «Եթե կարպետները հասանելի են, ապա գորգերը թանկ հաճույք են: Այս պահին ավելի մեծ է կարպետից պատրաստված աքսեսուարների ու փոքրիկ գորգերի պահանջարկը: Ի դեպ, իրացնում ենք տեղական թելը՝ մենք էլ մեր կողմից աջակցելով տեղական արտադրողին»,-ասում է Հեղինե Ադամյանը:
Գյումրիում ստեղծված կարպետ
Գյումրեցի գորգագործների ձեռքի աշխատանքները կներկայացվեն դեկտեմբերի 1-8-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայանալիք «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-համաժողովին: «Սա առաջին անգամ է, որ մեծ գորգեր ենք ներկայացնում ԱՄՆ-ում, մինչ այս ավելի շատ փոքր՝ հուշանվեր գորգեր ենք արտահանել՝ կենաց ծառով, հայոց տառերով ու եկեղեցիներով»,-պատմում է Ադամյանը։ ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդես-վաճառքին աճուրդով վաճառված գորգերի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը:
«Կումայրի կարպետ» ընկերության աշխատակցուհիները
Նշենք, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա կանայք սահմանին կանգնած զինվորների համար տաք գուլպաներ են գործում:
Գորգագործի համար ամենակարևորն առաջին ու վերջին քայլերն են`հենքն ու կտրելը, մեջտեղում՝ համբերատարություն ու մատների արհեստավարժ աշխատանք է պետք: Գորգը կտրելու գործընթացը տոնի պես մի բան է, որին բոլորն են սպասում, ասում են՝ համբերատարության պտուղը քաղելու ժամանակն է:
«Կումայրի կարպետ» ընկերության ստեղծած աքսեսուարները