ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Վանաձորում երեխաների ու կանանց նկատմամբ դանակի գործադրմամբ բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կալանավորված Վ.Գ.-ն նախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված է եղել, սակայն կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց:
«Հաշվի առնելով, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու պարագայում կարող է դիմել փախուստի և կատարել նոր հանցանք՝ վարույթն իրականացնող մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալը կալանավորվել է»,– նշված է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության` առերևույթ հանցանքի մասին հաղորդում է դիտարկվել Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը։
2022 թվականի հոկտեմբերի 25-ին Վ.Գ.-ին ձերբակալելու մասին որոշում էր կայացվել: Հոկտեմբերի 26-ին Վ.Գ.-ն ձերբակալվել և տեղափոխվել էր Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ:
Քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։