ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագիտական հաջողություն է համարում «հացահատիկի միջանցքի» աշխատանքի վերականգնումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 29--ին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Իր մասնակցությունը վերսկսելու մասին ՌԴ–ն հայտարարեց նոյեմբերի 2-ին։
«Մենք առանցքային դեր ենք խաղում դիվանագիտության մեջ՝ շնորհիվ մեր խաղաղ քաղաքականության։ Հացահատիկի ճգնաժամի կարգավորումը դիվանագիտական հաջողություն է», - հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում կայացած քաղաքական համաժողովում։
Նրա խոսքով՝ այդ գործընթացը հաջողվել է իրականացնել` «շնորհիվ ... հավասարակշռված հարաբերությունների» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ:
Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։