ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Խոշոր ու ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 3 մարդ մահացել է, իսկ մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։ Այնուհետև հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։