Մաքսային ծառայությունը չպետք է ընկալվի որպես խոչընդոտ տնտեսության համար․ Փաշինյան

Ըստ Փաշինյանի՝ մաքսային ծառայությունը պետք է այնպես բարեփոխել, որ այն դառնա սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք: Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենք անցյալում․․․Ես ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում»,-իր ելույթում ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ մաքսային ծառայությունը, մաքսակետը, ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար:
«Մեր տրամաբանությունն է բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դա դիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպես ապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի նա այդ աջակցությունը ստանալով՝ հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդոտների չհանդիպի»,-նշել է նա:
Հավելենք, որ կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում: