ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթն այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 2-ին Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին դեռ 2012 թվականի օգոստոսի 31-ին` այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել էր Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից 10 տարի անց արդեն զգուշավոր լավատեսության տեղ կա։