Որոշվել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը

«Փեթակ» առևտրի կենտրոն
Կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշել է թույլատրել «Փեթակ» ՍՊԸ–ի հետագա գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբերին «Փեթակ» ընկերությունում վերահսկողական աշխատանքներ է իրականացրել է տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Պարզվել է, որ նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և այժմ դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
«ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը խախտումները պետք է վերացնի հստակ ժամկետում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին, քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։ Հոկտեմբերի 7-ին «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ, քանի որ նրանց ասել էին, որ առևտրի կենտրոնն այդ օրվանից չի գործելու։