Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը խոստովանել է, որ Ռուսաստանի հետ իր երկրի դիմակայությունն անխուսափելի էր։ Այս մասին նա հայտարարել է ռուս պրանկերներ Վովանի ու Լեքսուսի հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ։ Տեղեկությունը հատնում է RT Russian-ը:
Բլոգերները հարցեր են տվել բանակցությունների անհաջողությունների և, այդ թվում, Շտայնմայերի չիրականացված բանաձևի՝ Մինսկի երկրորդ համաձայնագրի մի շարք դրույթների փուլային իրականացման մեխանիզմի մասին։ Ավակովը դա առաջին հերթին համարում է Ուկրաինայի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ իր քաղաքական ռենոմեն չկորցնելու ցանկությամբ։
«Կեղծ հույսեր և իրավիճակի պարզեցում։ Ինչ-որ պահի պետք էր համաձայնել Շտայնմայերի բանաձևի հետ և հանկարծակիի բերել Պուտինին։ Բայց ուկրաինական հասարակության մեջ դա պոպուլյար չէր։ Եվ պետք էր զոհաբերել հանրաճանաչության մի մասն ու փոխարենը հաղթել որպես պետական ղեկավար»,– ասել է Ավակովը։
Նրա խոսքով՝ մի շարք քայլեր շատ անհեռատեսորեն են արվել։
«Զելենսկու հանդեպ իմ ողջ համակրանքով հանդերձ` կան բաներ, որոնց համար չեմ կարող գովել նրան։ Իսկ երբ մարդիկ դուրս գան ապաստարաններից, կմտածեն այդ մասին։ Եվ դա խնդիր կստեղծի: Տնտեսությունն ամբողջությամբ կկործանվի, դա հասկանալի է։ Եվ այն վերականգնել կկարողանան միայն ձեռնարկատերերը` վստահ լինելով, որ իրենց վրա հրթիռ չի գա»,–եզրափակել է Ավակովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 252-րդ օրը։