Քերոբյանն անշարժ գույքի գործակալներին կոչ է անում գտնել տանտերերին և համոզել վարձով տալ

Քերոբյանը հայտնեց, որ այս պահին Երևանում 22 հազար չբնակեցված բնակարան կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր, որոնք շատ մեծ դժվարությամբ են լրացվում, քանի որ Երևանում մատչելի բնակարան չկա և մարզերից մարդիկ չեն կարողանում գալ և աշխատել։ Այս մասին 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդադառնալով Երևանում վարձով բնակարանների խնդրին։
Նախարարը հայտնեց, որ իրենք խնդրի լուծման համար տարբերակներ են դիտարկում և առանձնացրեց, ըստ իրեն, ամենախելամիտ տարբերակները։
«Առաջինը մենք հավաքել ենք կառուցապատողներին, քանի որ մեր պատկերացմամբ` նորակառույցներում ևս կան չբնակեցված բնակարաններ և խնդրեցինք նույնականացնել չբնակեցվող բնակարանները և տանտերերի հետ խոսելով` մտցնեն շուկա։ Այդպես մի քանի հազար բնակարանի հարց լուծել ենք»,– նշեց Քերոբյանը։
Քերոբյանը հայտնեց, որ այս պահին Երևանում 22 հազար չբնակեցված բնակարան կա։ Այս թիվը նախարարությունը ստացել է էլեկտրականությունից օգտվող բնակարանների քանակը հաշվելով։
Ինձ համար հաճելի չէ էս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Սուքիասյանը` Քերոբյանին
«Անշարժ գույքի գործակալներին ասել ենք` գնան, գտնեն բոլոր փակ դռները, տանտերերին։ Եվ ունենք որոշակի հաջողություններ` Երևանում մոտավորապես 8000 բնակարանի փակ դուռ բացվել է»,– նշեց Քերոբյանը` կոչ անելով անշարժ գույքի գործակալաներին գտնել բնակարանատերերին և համոզել վարձով տալ։
Որպես խնդրի մեկ այլ լուծում Քերոբյանը տեսնում է Երևանում հանրակացարանային միջավյարի ստեղծումն ու զարգացումը, որպեսզի մարդիկ կարողանան սենյակ վարձել մատչելի գներով։
Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին
Այս ուղղությամբ նախարությունը աշխատանքներ է տանում ներդրողների հետ, որպեսզի Երևանում հանրակացարաններ կառուցվեն։