Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով․ Քերոբյան

Հայաստանի արտաքին առևտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաև ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 24,5 տոկոսով: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». Քերոբյան
«Առևտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով»,-ասաց նախարարը։
Քերոբյանը նաև հայտնեց, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արևելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը:
«Մեզ համար հիմա շատ կարևոր է, որպեսզի ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Քերոբյանը։
Այսօր ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ կազմել է 2,778 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 74,1 տոկոսով։