ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր – Sputnik. 2023 թվականին Հայաստանը մի շարք դեսպանատներ, հյուպատոսություններ ու դիվանագիտական գրասենյակներ կբացի տարբեր երկրներում: ԱԺ–ում 2023 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«2023-ին նախատեսում ենք մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ բացել: Այս պահին պլանավորում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Թավրիզ քաղաքում»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Արտգործնախարարը հիշեցրեց, որ Կապանում վերջերս բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը ու հավելեց, որ Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու մասին վաղուց կար ձեռք բերված պայմանավորվածություն։
Ուրուգվայում դեսպանության բացման մասին նախարարը պայմանավորվել էր դեռ նախորդ տարի` Ուրուգվայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ։ Նա վստահեցրեց, որ այս դեսպանությունը հնարավորություն կտա նաև լատինաամերիկյան երկրների հետ այդ հարթակում առանձին հարաբերություններ հաստատել։
ԱԳՆ-ն նախատեսում է 2023 թ.–ին դիվանագիտական գրասենյակներ բացել Կիպրոսում, որը կգործի Հունաստանում ՀՀ դեսպանության ներքո և Սերբիայում, որը կգործի Չեխիայում Հայաստանի դեսպանության ներքո: Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացվի։
«Տեղանքից կարող եք դատել, որ Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր այս որոշման հարցում»,-նշեց Արարատ Միրզոյանը:
Նախարարը նշեց նաև, որ 2023թ.–ից պետական ֆինանսավորմամբ կլուծվեն Քաթարում ու Դուբայում մեր գլխավոր հյուպատոսությունների հարցերը։ Ընդհանուր առմամբ` 133 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից օտար երկրներում գտնվող մեր դեսպանատների ու շենքերի պահպանման ու վերանորոգման համար։