Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության բնագավառում

ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը։
Կառավարության համոզմամբ` դա կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում կհամագործակցեն հետևյալ հիմնական ուղղություններով.
տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,
իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,
տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համաձայնեցում և իրականացում,
երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
Համաձայնագրի կատարման համար Հայաստանում պատասխանատու մարմինը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։