Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն. Միրզոյան

Արարատ Միրզոյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան– Ադրբեջան բանակցություններում կա մեկ լավ և մեկ վատ նորություն։ Այսօր Ազգային ժողովում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպեն ԱՄՆ–ում
Վատն այն է, որ բոլոր հարցերում ու բոլոր ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին:
«Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա, իհարկե, չի կարող իրականություն լինել: Երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության այդ ճանապարհով հնարավոր չէ հասնել։ Հույս ունեմ, որ Ադրբեջանում սա ժամանակի ընթացքում ավելի հստակ կհասկանան»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նախարարի կարծիքով` եթե Ադրբեջանը ցանկանում է ու շահագրգիռ է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել։
«Ուղղակի դա չի կարող աշխատել, երկարաժամկետ չի լինի»,- նշեց նախարարը:
Նա հավելեց` լավ նորությունն էլ այն է, որ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ:
«Երբ ժամանակային վերլուծություն ենք կատարում, տեսնում ենք, որ այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»,– հավելեց Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ կան կանոններ ու գծեր, որոնք չպետք է հատվեն, ու հույս հայտնեց, որ այս ուղերձը Ադրբեջանում շատ լավ կհասկանան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Սոչիում տեղի էր ունեցել եռակողմ գագաթաժողով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սոչիի գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց էին ունեցել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։